Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ի՞նչ է կատարվում Պուտինի գլխում

Ի՞նչ է կատարվում Պուտինի գլխում
15.06.2016 | 08:56

Միշել Ելչանինով՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, գիտությունների դոկտոր, Ֆրանսիայի «Փիլիսոփայական ամսագրի» խմբագիր, Դոստոևսկու ստեղծագործության հայտնի հետազոտող՝ և հանկարծ որոշել է գիրք գրել Պուտին փիլիսոփայի մասին: Թեպետ հայտնի է, որ ռուս նախագահը ոչ մի փիլիսոփա էլ չէ, թեկուզ հաճախ է մեջբերում Կանտին, Սոլովյովին, Բերդյաևին և նույնիսկ մեկ անգամ նոր տարուն ռեգիոնների ղեկավարներին, պետական ու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներին նվիրել է XIX դարի և XX դարասկզբի ռուս փիլիսոփաների գրքերը:

Միշել Ելչանինովի հետաքրքրությունը այդ պերսոնաժի ու այդ թեմայի նկատմամբ թերևս կարելի է բացատրել նրա ռուս տարագիրների ժառանգ լինելով, հոգևորական Ալեքսանդր Ելչանինովի թոռը, իհարկե, ուշադիր հետևում է Ռուսաստանի իրադարձություններին և, իհարկե, անհանգստանում է ապագայի համար:


«Պուտինի գլխում» գրքի հեղինակի կարծիքով` Ռուսաստանում ձևավորվել է նոր ազգային գաղափարախոսություն, որը պետք է լրջորեն վերլուծել՝ հասկանալու ինչ է սպասում հարևաններին: Գաղափարախոսությունը, հասկանալի է, ստեղծում է ոչ միայն նախագահը, բայց նրա խոսքում ու գործում այդ գաղափարախոսությունն առավել բացահայտ է արտահայտվում: Ելչանինովը պայմանականորեն գաղափարախոսությունը ձևակերպում է երեք մասից՝ պահպանողականություն, առանձնահատուկ «ռուսական ճանապարհի» տեսություն՝ ժառանգած սլավոնաֆիլներից և եվրասիականություն: Նա մանրամասն վերլուծում է Նիկոլայ Բերդյաևի, Վլադիմիր Սոլովյովի, Իվան Իլյինի և այլ ռուս փիլիսոփաների (մասնավորապես՝ հակաարևմտական Նիկոլան Դանիլևսկու կամ «ռուսական Նիցշե» Կոնստանտին Լեոնտևի) հայացքները, որ որոշարկում են Պուտինի աշխարհընկալումը և ինչպես գրախոսներից մեկն է նկատել՝ «լեգիտիմացնում են իշխանության պուտինյան ուղղահայացը»: Frankfurter Allgemeine Zeitung-ում գրախոսության հեղինակը այդ հայեցակարգը անվանում է նվազ ակադեմիական, վերնագրելով՝ «Արևմուտքին հետույք ցույց տալ»:


Իմաստ չունի նույնքան մանրամասն անդրադառնալ ռուս փիլիսոփաներին ու նրանց հայեցակարգերին, ինչպես անում է իր գրքում Ելչանինովը: Գուցե միայն Իվան Իլյինի մասին արժի մի քանի խոսք ասել: Կրոնական մտածող, սպիտակ էմիգրացիայի հոգևոր առաջնորդներից մեկը ստեղծում էր ռուսական պետական հայրենասիրության գաղափարախոսությունը: Իլյինը կարծում էր, որ Ռուսաստանը ունի իր յուրահատուկ ճանապարհը և արևմտյան ժողովրդավարությունները Ռուսաստանի համար ուղենիշ չեն: «Ազգային առաջնորդ» և «հոգևոր վավերացում» արտահայտությունները նրա բառապաշարից են: Իվան Իլյինը պնդում էր, որ նացիոնալիզմը «ճիշտ և արդարացված վիճակ է», որ նրան հանգեցրեց ի թիվս այլ եզրակացությունների, նաև այն տեսակետին, որ «Ֆաշիզմը ճիշտ էր, որովհետև ելնում էր առողջ ազգային հայրենասիրական զգացումներից»: Իլյինի փիլիսոփայությունը շատ մոտ է Նիկիտա Միխալկովին, որ բացահայտել է նրան Պուտինի համար: Իսկ երբ Ռուսաստանի նախագահը իր ելույթներում մի քանի անգամ մեջբերում արեց Իլյինից, նա իշխանական շրջանակներում դարձավ անառարկելի հոգևոր հեղինակություն: Իվան Իլյինը, Կոնստանտին Լեոնտևը և Լև Գումիլյովը իր եվրասիական տարածքի գաղափարով, որ դիմակայում է «ատլանտիկ աշխարհին», ռուս մեծ մշակույթի ամենահետադիմական թևն են: Հասկանալի է, որ Պուտինը մեջբերումներ է անում ու նվիրում է ոչ միայն նրանց, այլև Նիկոլայ Բերդյաևին: Ելչանինովը շատ կատեգորիկ է՝ Պուտինը պարզապես չգիտի Բերդյաևի փիլիսոփայությունը և ավելի շուտ թերթում է այն, ինչ նրա համար պատրաստում են սխալվող՝ ակամա կամ դիտմամբ, օգնականները:

Հենց Բերդյաևն էր քաղաքական պահպանողականության ու կայսերական գաղափարախոսության ընդգծված հակառակորդը: Նրա փիլիսոփայության մեջ կարևորագույն կատեգորիաներ են ազատությունն ու ազատ մարդը: Միշել Ելչանինովը նկատում է. «Փառք Աստծո, ռուսական փիլիսոփայության մեջ կա շատ մեծ մաս, որ ոչ մի կապ չունի իմպերիալիզմի հետ», բայց «պուտինականության» փիլիսոփայական աղբյուրները բնորոշվում են այլ արմատական տրենդներով՝ կայսերական գաղափարով և պատերազմի ջատագովությամբ»:


Ֆրանսիացի փիլիսոփայի համար բացարձակապես ակնհայտ է՝ Պուտինը միայն հարմարեցնում է իրականում գոյություն ունեցող և կարծեցյալ փիլիսոփայական հայեցակարգերը իր սեփական աշխարհաքաղաքական գաղափարախոսությանը՝ հենվելով պահպանողականության մարգարեների վրա, առանձնահատուկ «ռուսական ճանապարհի» և «եվրասիական կայսրության» խորհրդային նմուշի հակաարևմտական, ագրեսիվ քաղաքականության մեջ: Այդ հիբրիդը մեզ բոլորիս անհանգիստ ապագա է կանխագուշակում:
Այդ հոռետեսական հայացքի հետ համաձայն է Neue Zürcher Zeitung-ի գրախոսը, որ հատուկ ուշադրություն է դարձնում՝ ինչպես են կրեմլյան նոր գաղափարախոսության մեջ ներառվում Ստալինի վերականգնումը, որ նորից լավն է դառնում, նախ և առաջ այն պատճառով, որ ամրապնդում էր կայսրությունը, և ուղղափառ եկեղեցու դերի ուժեղացումը, որովհետև եկեղեցին տալիս է վելիկոռուսական կայսերական գաղափարի հոգևոր լեգիտիմացում:


Die Welt-ի գրախոսը առանձնացնում է «սովետական մտածողության տարրերը» և «սովետական միլիտարիստական մշակույթը», որ այսօր վերածնվում է Ռուսաստանում: Վելիկոռուսական նացիոնալիզմի էկլեկտիկ փիլիսոփայական վերնաշենքի հետ, կարծում է Die Welt-ի գրախոսը, դա պետք է «գիտականորեն» հիմնավորի եվրասիական տարածքում գերիշխանության Ռուսաստանի հավակնությունները, և՝ «Պուտինի իշխանությունը» հավելում է Tageszeitung-ը:

Եֆիմ ՇՈՒՄԱՆ, Deutsche Welle


Հ.Գ. Հիշեք՝ պահպանողականություն, առանձնահատուկ «ռուսական ճանապարհի» տեսություն և եվրասիականություն: Հետևեք այս ուղենիշներին, եթե ուզում եք հաջողության հասնել ձեր քաղաքական, գիտական, փորձագիտական կարիերայում, որոշ դեպքերում կարելի է տեղայնացնել, ասենք, պահպանողականությունը վերանվանել հավատարմություն ազգային ավանդույթներին, առանձնահատուկ «ռուսական ճաանապարհը»՝ հայկական հատուկ ուղի, բայց եվրասիականության նկատմամբ ոտնձգություններ չանեք: Հիշեք՝ Իոսիֆ Ստալինը ռուսական իշխանության վարած քաղաքականության ցուցիչն է՝ երբ նրան փառաբանում են՝ բռնապետության ճանապարհին են, երբ մերժում են՝ ժողովրդավարությունն են սկսում արժևորել, երբ անտարբեր են՝ փորձում են իրենք իրենց հասկանալ: Ռուսաստանում նոր ազգային գաղափարախոսությունը նոր չի ձևավորվում, պարզապես արդեն սկսել է ուժի ցուցադրությունը՝ Շոյգուն Սիրիայում, Կիրիլը՝ Կրետեում, Պուտինը՝ աշխարհին: Կայսերական գաղափարն ու պատերազմի ջատագովումը Պուտինի բոլոր քայլերի մեջ են ու դա ազդում է ոչ միայն Ռուսաստանի ու հարևանների վրա, ազդում է քաղաքականության ու մտածողության վրա: Առայժմ: Այնքան, մինչև նա անձամբ Բերդյաև կարդա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ